Բարի գալուստ Մոդուլ E՝ «Արհեստական բանականության (ԱԲ) դարաշրջանը խմբագրությունում», որը WAN-IFRA-ի «Թվային այբուբեն» շարքի հինգերորդ մասն է։ Այս մոդուլը ստեղծվել է շնորհիվ Եվրոպական միության աջակցության՝ «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU 4 Independent Media) ծրագրի շրջանակում։
ԱԲ-ի գործիքների թվի և կիրառման մեծացման հետ լրատվամիջոցները պետք է պատրաստ լինեն արձագանքելու բազմաթիվ էթիկական և գործնական մարտահրավերների, որոնք բերում է ԱԲ-ն, մասնավորապես՝ գեներատիվ ԱԲ-ն (ԳԱԲ): Ինչպե՞ս կարող են ԱԲ-ի գործիքներն օգտագործվել խմբագրության աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու, լսարանն ընդլայնելու և նոր լսարաններ ներգրավելու համար: Որո՞նք են ԱԲ-ի գործիքների աճող կիրառման էթիկական կողմերը: Եվ ինչպիսի՞ ընթացակարգեր կամ քաղաքականություններ պետք է ներդնեն խմբագրությունները՝ կապված ԱԲ-ի օգտագործման հետ: Հինգ մասից բաղկացած այս մոդուլը անհատական ուսուցումը համատեղում է աշխույժ քոուչինգի և խմբային վեբինարների հետ՝ խմբագրության ղեկավարների և լրագրողների համար հակիրճ, գործնական և համապատասխան մասնագիտական աճ ապահովելու համար:
Թվային այբուբենի մասին՝ ավելի մանրամասն
WAN-IFRA-ի «Կանայք լրատվությունում» (Women in News – WIN) ծրագրի «Թվային այբուբենը» առցանց գործնական դասընթաց է՝ նվիրված թվային ռազմավարության իրականացմանը։ Այն բաղկացած է հինգ մոդուլից (A, B, C, D և E) և ընդհանուր առմամբ ներառում է մոտ 40 դաս։ Մոդուլ A-ն նվիրված է թվային տեխնոլոգիաների հիմունքներին, մոդուլ B-ն՝ թվային հասունությանն ու ռազմավարությանը, մոդուլ C-ն՝ փոփոխությունների կառավարմանը, մոդուլ D-ն՝ բովանդակության ստեղծման մարտավարությանը, իսկ մոդուլ E-ն՝ խմբագրությունում արհեստական բանականության դարաշրջանին։ A-D մոդուլները մշակվել են Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (Sida) աջակցությամբ՝ «Կանայք լրատվությունում» ծրագրի շրջանակում։ Մոդուլ E-ն հնարավոր դարձավ շնորհիվ Եվրոպական միության աջակցության՝ «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU 4 Independent Media) ծրագրի շրջանակում։
Թվային լրագրությունը մեր իրականության մի մասն է, և ապագայում երկարաժամկետ գոյատևելու համար լրատվամիջոցների բոլոր արհեստավարժ մասնագետները պետք է հասկանան թվային ռազմավարությունը և պատրաստ լինեն իրենց կազմակերպություններում փոփոխությունների: Համաշխարհային համավարակը, կլիմայական ճգնաժամը և ԱԲ-ի տեխնոլոգիաները դրա անհրաժեշտության գիտակցումն էլ ավելի հրատապ են դարձրել։
WIN-ն այս դասընթացը ստեղծել է, որպեսզի օգնի մեդիա կազմակերպություններին՝ լրացնելու ավանդական լրագրության վրա թվայինի հսկայական ազդեցության մասին իրենց աշխատակիցների գիտելիքների բացը և, ամենակարևորը՝ սովորեցնի, թե ինչպես դա վերածել տպագիր արտադրանքից թվայինի անցնելու գործնական, կոնկրետ գործողությունների:
Դասընթացը կազմված է այնպես, որ մասնակիցը ընթերցի ինքնուրույն, ինչպես նաև՝ մասնակցի խմբային քննարկումների և հանդիպումների: Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր դասի սկզբում առկա և քննարկման համար նախատեսված հասկացություններին ու կետերին, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչի մասին ենք խոսելու: